Բելառուսում հերթական նախագահական ընտրություններ են:
7-րդ անգամ Բելառուսի նախագահ կդառնա Լուկաշենկո Ալեքսանդրը: Միայն այդ հանգամանքը բավարար է եզրակացնելու համար, որ Բելառուսում դիկտատուրա է:
Մեծ հաշվով, Լուկաշենկոն դա չի էլ թաքցնում:
Բելառուսը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ռուսական տանիքի ներքո գործող բոլոր կազմակերպությունների անդամ է:
Այնպես, ինչպես Հայաստանը:
Սակայն, Բելառուսի հետ լինելով քաղաքական նույն ճամբարում, Հայաստանն Արևմուտքի հետ «խաղեր է տալիս»:
Հիմնական խաղը` ժողովրդավարությունն է:
Սովորաբար, այդօրինակ խաղերն ավարտվում են Հայաստանի պարտությամբ, քանզի Հայաստանն ազնիվ չի խաղում: Բլոտի մեջ, եթե ունես «հիսուն», ապա այդ նույն «հիսունի» մեջ տեղավորվող «թերզը» չի անցնում:
Այլ կերպ ասած` Հայաստանը լինելով ռուսական տանիքի ներքո գործող, առանց բացառության, բոլոր կառույցների անդամ, փորձում է աշխարհին ցույց տալ «թերզը»:
Աշխարհն էլ, տեսնելով Հայաստանի ձեռքում գտնվող «հիսունը», նկատում է, որ «թերզը» չի անցնում: Ի տարբերություն Հայաստանի, Բելառուսն աշխարհին ցույց է տալիս իր «հիսունը»:
Բացի դրանից` Լուկաշենկո Ալեքսանդրը 35 տարվա ընթացքում պատրաստվում է 7-րդ պաշտոնավարվանը: Այսինքն, Լուկաշենկոն Բելառուսի նախագահ է ընտրվում 5 տարվա մեջ 1 անգամ:
Եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ չլինեն, ապա 2026 թ. Փաշինյան Նիկոլը 8 տարվա մեջ 4-րդ անգամ կընտրվի վարչապետ: Այսինքն, Փաշինյան Նիկոլը վարչապետ է ընտրվում 2 տարվա մեջ 1 անգամ:
Եվ, այսպես, ո՞վ է ավելի ազնիվ` Լուկաշենկո Ալեքսա՞նդրը, թե՞ Փաշինյան Նիկոլը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ